Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։
Թեև այս քայլը ներկայացվում է որպես «թափանցիկության դրսևորում», փաստացի այն կիսատ է, ընտրովի և չի տալիս բանակցային գործընթացի ամբողջական ու հավաստի պատկերը։
● Հրապարակված փաստաթղթային փաթեթը կիսատ է և ամբողջականությունից զուրկ
Ներկայացված նյութերում բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ.
- 1994 թ․ եռակողմ զինադադարի փաստաթուղթը,
- ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ-ի հայտարարությունը,
- Քի Վեսթի փաստաթղթերը,
- Պրահյան գործընթացի արձանագրությունները,
- մի շարք միջանկյալ, բայց բովանդակային առումով վճռորոշ նյութեր։
Այս բացերը փաստում են, որ ներկայացված պատկերը ոչ միայն թերի է, այլ նաև մանիպուլյատիվ՝ նպաստելով իշխանության կառուցած քաղաքական շահարկումների սպասարկմանը։
● Ընդդիմության պահանջը մասամբ է կատարված
Թեպետ հրապարակվել է 2019 թ․ կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները։
Այս բացը խաթարում է գործընթացի ամբողջական ընկալումը և թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։
● 2019 թ․ փաստաթուղթը հստակորեն պահպանել է Արցախի հայկականությունն ու սուբյեկտությունը
Հրապարակված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է, որ՝
- Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր սուբյեկտությունը,
- գործելու էին միջազգային անվտանգության հստակ մեխանիզմներ,
- հայկական բնակչության իրավունքներն ու ինքնությունը պաշտպանված էին լինելու,
- տարբերակ չի կանխորոշել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
Այս հանգամանքները հակասում են վերջին տարիներին իշխանության կողմից արհեստականորեն ձևավորված պատկերացումներին ու կեղծ նարատիվներին:
● 2018–2020 թթ․ կայացված քաղաքական որոշումները խափանել են բանակցային ողջ ճարտարապետությունը
Նույնիսկ փաստաթղթերի այս թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ այս շրջանակում՝
- մերժվել է բանակցային ժառանգությունը,
- տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
- փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
- Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից։
Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալները։
● Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը
Հրապարակված նյութերը հստակ ցույց են տալիս, որ՝
- 2019 թ․ առաջարկը պատերազմ չէր բերում,
- Արցախի սուբյեկտությունն ու անվտանգային համակարգը լիովին երաշխավորվում էին,
- բանակցային գործընթացը, լինելով դժվար, սակայն իրականում կանխում էր պատերազմը։
Պատերազմը չի ծագել առաջարկվող փաստաթղթերից, այլ դրանց մերժումից և բանակցային համակարգի փլուզումից։
Այսպիսով, գանք հիմնական եզրակացությանը՝ 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ:
Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ